Ոլորտում մի շարք խնդիրներ կան. Փաշինյանն աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին

ՀՀ վարչապետը Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս խոսեց նաև ոլորտի խնդիրների մասին։ Նոր նախարարը վստահեցրեց, որ իր ջանքերը չի խնայելու ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է։ Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Գրիգորյանին պաշտոնավարման համար և նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։

ՀՀ նախկին ոստիկանապետը նոր պաշտոն կստանա

«Բնապահպանության կամ բնության նկատմամբ կա ծայրահեղ մոտեցում` մի դեպքում հանդիպում ենք բնության պաշտամունքի, մյուս դեպքում` բնության կատարյալ արհամարհանքի։ Մեր խնդիրն է գտնել բալանսավորված ճիշտ մոտեցում»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` իրենց քաղաքականության հիմքում դրված է կանաչ Հայաստանի գաղափարը, ինչին հասնելու համար շատ աշխատանք կա։ Ըստ Փաշինյանի` ասել, որ պետք է հրաժարվել բնական պաշարների օգտագործումից ընդհանրապես, խելամիտ և ճիշտ չէ, սակայն դրանք պետք է այնպես և այնքան օգտագործել, որ բնական աղետների ճանապարհով չգնանք։

Փաշինյանն ասաց` ոլորտում մի շարք խնդիրներ կան` սկսած անկառավարվող աղբի ծավալներից մինչև Սևանա լճի խնդիր։

Էրիկ Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց աշխատակազմին` ասելով, որ թիմում ներգրավել են լավագույն մասնագետներին։ Նա նշեց, որ պաշտոնավարման ընթացքում էական դրական փոփոխություններ են արձանագրել անտառների, ՀԷԿ–երի ոլորտում։

Գրիգորյանի խոսքով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է ծառայել իր երկրին ու քաղաքացիներին։ Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար` վստահեցնելով, որ իր ջանքերը չի խնայելու ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։ «Հետհեղափոխական Հայաստանում այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, այդ թվում նաև շրջակա միջավայրի ոլորտում, ինչնյ էլ անդրադառնում է կյանքի որակի վրա»,–ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք` Ռոմանոս Պետրոսյանը երեկ նշանակվեց շրջակա միջավայրի նախարար` ազատվելով Կոտայքի մարզպետի պաշտոնից։  Sputnik Արմենիայի տեղեկություններով, մարզպետի պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որն այդ պաշտոնից ազատվել էր հունիսի 8-ին։