Վանեցյանն աշխատանքի է վերականգնել տարիքը լրացած փոխգնդապետին ու բարձրացրել կոչումը. ԱԱԾ

ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել, թե ինչ գործի շրջանակում է Արթուր Վանեցյանը հրավիրվել բացատրության։ Ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքի է վերականգնել 51-ամյա մի փոխգնդապետի, իսկ ըստ օրենքի` վերջինս իրավունք ուներ պաշտոնավարելու մինչև 50 տարեկանը։

«Ձեռք են բերվել տվյալներ, որ Վանեցյանը, անտեսելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԱԾ–ի` փոխգնդապետի կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը Վանեցյանին է դիմել զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը։ Այնինչ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների, ԱԱԾ–ում աշխատելու համար փոխգնդապետի համար սահմանված տարիքային առավելագույն շեմը 50-ն է։ Այս սահմանափակման մասին զեկուցվել է Վանեցյանին, սակայն վերջինս ցուցում է տվել ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ պատրաստել և ներկայացնել իրեն։ Արդյունքում Վանեցյանի հրամանով տղամարդը նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ ստանալով նաև գնդապետի կոչում:

Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Հենց այս պատճառով էլ Վանեցյանին այսօր հրավիրել են ԱԱԾ՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները: ԱԱԾ–ն միաժամանակ հիշեցնում է, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել:

Հիշեցնենք` Վանեցյանին այսօր ԱԱԾ–ից դուրս գալուց հետո ասել էր, որ իրեն հրավիրել էին «անհեթեթ» գործի շրջանակում, որով ինքը որևէ կարգավիճակ չունի։ Վանեցյանը շեշտել էր` քրեական գործ հարուցված չէ։

ԱԱԾ նախկին տնօրենի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշել էր, թե այդ աշխատակցին վերականգնելու միջոցով շատ լուրջ գումարներ են վերականգնվել։

«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան