ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում նորածնի վաճառքի դեպքի մասին հաղորդում է ներկայացրել երեխայի տատիկը, որն էլ պարզել է վաճառքի իրողությունը։
Դատախազությունը հայտնել էր, որ 2018-ին Գյումրիում 31–ամյա մի կին աղջիկ երեխա է ունեցել ու 1 200 000 դրամով վաճառել նրան։
«2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևանում ծննդաբերել է աղջիկ երեխա։ Դրանից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է։ Սակայն սկեսուրը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևանի բնակչի տանը»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Երբ սկեսուրը Երևանի բնակչին, որը գնել էր երեխային, զանգահարել և պահանջել է վերադարձնել թոռնուհուն, նա հայտնել է, որ համաձայն է։ Սակայն երեխային վերադարձնելու համար պահանջել է վերադարձնել վճարված 1 200 000 դրամը։
Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասի և 169.1-րդ հոդվածի (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
Արտաշատում նորածնի վաճառքի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 5 անձի