Մանդատը պահելու համար անցել է բարոյականության ու տղամարդկային խոսքի վրայով. Իվետա Տոնոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը Facebook-ում պատասխանել է երբեմնի գործընկեր Սերգեյ Բագրատյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն արձագանքել է խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանի այսօրվա հայտարարությանը։

«Ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է»,– Facebook-ում գրել է Տոնոյանը։

Նա նաև նշում է, որ զարմացել է` կարդալով երբեմնի գործընկերոջ գրառումը:

«Իսկապես ամաչում եմ… Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ: Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված: Ընդ որում` այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը»,– գրում է Տոնոյանը։

ԲՀԿ–ական պատգամավորը ենթադրում է, որ Բագրատյանը թերևս հենց այդ հակասություններն է նկատի ունեցել, երբ ընդդիմացել է վերականգնել պետությանը հասցված վնասը, իսկ կուսակցությունում իրենք հակառակն են պնդել։

Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է. դատախազությունից հաստատում են

Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։

Խմբակցության անդամները Sputnik Արմենիային ասել էին, որ տեղյակ չեն` ինչն է եղել նման որոշման պատճառը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում թվով երկրորդ ուժն է, որի կազմում ընդգրկված են 25 պատգամավոր:

Բագրատյանն այսօր Facebook-ում գրառում էր արել և բացատրել, թե ինչու է լքում հարազատ խմբակցությունը` միաժամանակ նաև հայտնելով, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվում։

Ըստ նրա` խմբակցությունից հեռանալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումը տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից։ Նա նաև նշել էր, որ առանցքային հայտարարություններից առաջ ինքը նաև ներկայացրել է իր անհամաձայնությունն ու առարկությունները։
Ի դեպ, հետաքրքրական է, որ այս գրառումը սոցիալական կայքում երկար չմնաց, ու հրապարակվելուց շուրջ մեկ ժամ անց Բագրատյանը հեռացրեց այն։