Կորոնավիրուսը` օգնական, կամ Թրամփի աննախադեպ հայտարարությունը

​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ էր Դոնալդ Թրամփի երեկվա առաջարկությունը՝ այս տարվա նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ։
Sputnik
Կորոնավիրուսը` օգնական, կամ Թրամփի աննախադեպ հայտարարությունը

Անմիջապես հարց է ծագում՝ լավ, բա երբ պիտի կայանան ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Կորոնավիրուսից հետո՞։ Իսկ երբ է տեղի տալու այդ անտեր վիրուսը՝ որևէ մեկը կհամարձակվի այժմ կանխատեսել։ Երևի հիշեցնելու կարիք էլ չկա, որ համավարակի տարածման տեսակետից ԱՄՆ-ն աշխարհի ամենավատ վիճակում գտնվող պետությունն է՝ վարակվել է մոտ 4,5 միլիոն մարդ, մահացել են շուրջ 150 հազարը։

​Այսինքն ինչ՝ քանի դեռ մոլեգնում է հիվանդությունը, Ամերիկայի գործող նախագահը նախագահ պետք է մնա՞։ Լավ, եթե նման առաջարկով ինչ-որ քաղաքական ուժ կամ առնվազն հասարակական կազմակերպություն հանդես գար, ինչ-որ չափով հասկանալի կլիներ, բայց ամենահետաքրքիրն էլ հենց այն է, որ նախագահն է ասում՝ եկեք երկարաձգենք իմ լիազորությունները։ Ինքը, իհարկե, կարող է արդարանալ՝ ախր ես միայն ու միայն ժողովրդիս առողջության մասին եմ մտածում։ Նրան հակադարձում են՝ դե եկեք փոստով անցկացնենք ընտրությունները, մանավանդ, որ ամերիկյան 6 նահանգ, այդ թվում նաև հայաշատ Կալիֆոռնիան, արդեն հայտարարել են՝ հենց փոստով էլ անցկացնելու ենք ընտրությունները։  Դոնալդ Թրամփն էլ իր հերթին է հակադարձում՝ փոստով անցկացրած ընտրությունների արդյունքներն արժանահավատ չեն լինելու։

Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին

​Իրականում Դոնալդ Թրամփի առաջարկը հենց ընդամենը առաջարկ է, միգուցե ընտրողների տրամադրությունները շոշափելու միջոց՝ որքանով եք ինձ աջակցում։ Փաստն այն է, որ դեռ 1800-ականների կեսերին օրենսդրորեն ամրագրվել է, որ նախագահական ընտրություններն Ամերիկայում պետք է անցկացվեն նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը։ Եվ այդ կանոնը մինչև հիմա չի խախտվել երբեք։ Ավելին՝ ընտրությունների օրը տեղափոխելու որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի զույգ պալատներում՝ ձայների մեծամասնությամբ, իսկ դա այժմյան պայմաններում պարզապես անհնար է։ Խոսքը նույնիսկ դեմոկրատների մասին չէ, իսկի հանրապետականները նման արտառոց քայլի օգտին չեն քվեարկի։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլեն Վայնթրաուբն ասել է. «Քվեարկության օրը փոխելու որեւէ կարիք չկա, եթե ուզում եք ապահովել ընտրողների անվտանգությունը, պարզապես լրացուցիչ միջոցներ հատկացրեք բյուջեից»։

​Ամերիկյան ընտրություններն, իհարկե, միշտ էլ յուրահատուկ են եղել։ Տարբեր նահանգներում տարբեր կանոններ են գործում։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Ասենք թե, գործատուս ինձ ասել է՝ կգնաս ընտրության, այսինչ մարդու օգտին կքվեարկես, բջջայինով կնկարես քվեաթերթիկդ ու կդնես Ֆեյսբուքում, որ ես տեսնեմ։ Կարո՞ղ եմ անել, թե՞ ոչ։ Պատասխանը հետևյալն է՝ որոշ նահանգներում շատ հանգիստ կարող եք սելֆի անել ձեր քվեաթերթիկի հետ ու ցույց տալ բոլորին, որոշ նահանգներում ձեզ դրա համար առնվազն 1000 դոլարով կտուգանեն։ Այսինքն՝ մոտավորապես այսպես՝ Շիրակի մարզում դա գաղտնիության սկզբունքի խախտում է համարվում, բայց Լոռվա մարզի իշխանությունները ասում են՝ նկարիր որքան սիրտդ ուզի։

Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները

​Բայց ինչու հեռու գնանք։ Հասարակ հարց տամ՝ Դոնալդ Թրամփն Ամերիկայի որերորդ նախագահն է։ Կծիծաղեք ու կասեք՝ նույնիսկ երրորդ  դասարանցին գիտի, որ նա հոբելյանական՝ 45-րդ նախագահն է։ Այնինչ իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում մինչև Թրամփը նախագահ է ընտրվել ընդամենը 43 մարդ։ Այսինքն՝ Թրամփը ոչ թե 45-րդ, այլ 44-րդ նախագահն է։ Ինչու։ Շատ պարզ՝ ժամանակին Գրովեր Քլիվլենդը սկզբից դարձավ 22-րդ նախագահ, չորս տարի պաշտոնավարեց, հետո նրան փոխարինեց 23­րդ նախագահը, այնուհետև նույն Քլիվլենդը կրկին ընտրվեց ու դարձավ 24-րդ նախագահ։

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

Որպեսզի այս տարօրինակ թվաբանությունը հասկանալի լինի, բերեմ շատ կոնկրետ օրինակ մեր իրականությունից։  91 թվականին ընտրվեց Հայաստանի առաջին նախագահը։ 98 թվականին նա հրաժարական տվեց, և նրան փոխարինեց երկրորդ նախագահը։ Բայց դրանից 10 տարի անց առաջին նախագահը կրկին ցանկացավ ընտրվել։ Հիմա եթե նա 2008 թվականին ընտրվեր՝ որերորդ նախագահն էր լինելու։ Երրորդ՝ չէ՞։ Որովհետեւ երկրորդ նախագահից հետո, բնականաբար, գալիս է երրորդ նախագահը։  Այսինքն` նույն մարդուն մենք ստիպված պիտի անվանեինք համ առաջին, համ էլ երրորդ նախագահ։