Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

Ամառվա սեզոնին, հատկապես հանգստյան օրերին մեքենաների հոսքը Դիլիջանի անտառներ կամ Սևանի հանգստյան գոտիներ չի դադարում, իսկ հոսթելներում ու հյուրատներում մնալու համար պետք է առնվազն 3 շաբաթ առաջ ամրագրում անել:
Sputnik

Կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ ոլորտներ, այդ թվում` զբոսաշրջությունը, ծանր դրության մեջ հայտնվեցին. հույսը հիմնականում արտերկրից ժամանող զբոսաշրջիկների վրա դրած հյուրատներն ու հյուրանոցները տևական ժամանակ պարապուրդի մատնվեցին: Իրավիճակը հատկապես աղետալի էր փետրվար-ապրիլ ամիսներին: Հիմա խնդիրը քիչ–քիչ կարգավորվում է ներգնա զբոսաշրջության շնորհիվ: Sputnik Արմենիան զրուցել է զբոսաշրջիկներին հյուրընկալողների հետ։

Իջևանում սեփական հյուրատուն ունեցող մի կին, որը չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց` մի քանի տարի շարունակ արտերկրից ժամանած հյուրերի է ընդունել ու շատ գոհ եղել իր եկամտից, այս տարվա համար էլ նախնական պատվերներ ունեին, բայց բոլորը չեղարկվեցին կորոնավիրուսի պատճառով:

«Անցած տարիներին շատ լավ էր, նույնիսկ տանը կից մի տարածքում նոր մասնաշենքի շինարարություն էինք ծրագրել, բայց, ցավոք, դա այդպես էլ ծրագիր կմնա: Ճիշտ է, փառք Աստծո, ներգնա տուրիզմի շնորհիվ այս 2 ամիսների ընթացքում շարժ կա, բայց եկամուտը նույնը չէ. գիշերակացի համար նույն գինը չենք պահանջում հայերից։ Արտասահմանից եկածները 8 հազար դրամ էին վճարում, իսկ տեղացիները` 5000»,- ասաց նա։

Որոշ հանգստյան գոտիներ ու ժամանցի վայրեր նույնպես գումարային փոփոխություն են արել, օրինակ` «Yell Extreme Park»-ը, որը ծառայություններ է մատուցում Էքստրեմալ սպորտի սիրահարներին։

Որտե՞ղ են հայերն անցկացնում հանգստյան օրերը

«Անցած տարի մեր այցելուների կեսից ավելին արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն էին, այս տարի պակասել է նրանց թիվը, փոխարենը ավելացել է ներգնա տուրիստների քանակը»,- ասաց գլխավոր մենեջեր Սոնա Ղևոնդյանը և ավելացրեց, որ անվտանգության կանոններից ելնելով` որոշ ատրակցիոններ այս պահին չեն գործում, նվազեցվել է նաև փաթեթի արժեքը. 1 անձի համար այժմ գործում է 17 000 դրամ սակագինը՝ 25,000 դրամի փոխարեն։

Ներգնա տուրիզմը ոչ միայն զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների համար փրկօղակ դարձավ, այլև օգնեց, որ հայաստանցիներից շատերն իրենց համար բացահայտեն սեփական երկիրը: Արտերկիր մեկնելու փոխարեն մարդիկ հանգստանում են Հայաստանում և միայն հիմա իմանում, որ մեր երկրում գործում են զբոսաշրջության մի շարք տեսակներ` գյուղական տուրիզմ, էկոտուրիզմ, կրոնական տուրիզմ, գաստրոտուրիզմ և այլն։

«Եթե չլիներ «կորոնան», ծովափում կլինեինք, բայց հիմա Հայաստանում կհանգստանանք: Որոշ տարածքներ այս տարի առաջին անգամ բացահայտեցինք, իսկ որոշ վայրերի տեղն էլ արդեն գիտեինք ու ևս մեկ անգամ այցելեցինք»,– Sputnik Արմենիային ասաց Վանաձորից ընկերների հետ Ենոքավան եկած Մանեն:

Հայաստանի չբացահայտված վայրեր շատ են, ամեն մի մարզ իր թաքնված գեղեցկությունն ունի: Ճիշտ է, շատերը դժգոհում են, թե Հայաստանում հանգստանալը հայի գրպանին ավելի շատ է «խփում», քան արտերկիր մեկնելը, բայց սա էլ սեփական ծննդավայրը ճանաչելու առիթ է: