«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Արշակ Կորյանը խոստացել է խաղադաշտում ներդնել ողջ ուժերը՝ թիմին օգտակար լինելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը նոր համալրում ունի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա մեր հավաքականում: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 -ում:

Մխիթարյանի կողքին. Հայաստանի հավաքականը կարող է համալրվել 2 «ռուս հայով». Առուստամյան

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։  Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում, որ հանդես գամ ազգային հավաքականում»,- ասել է Կորյանը ՀՖՖ կայքի հետ զրույցում։

Նա հավելել է, որ Կապառուսի հետ շփումից լավ տպավորություն ունի. մարզիչը տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։

«Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»,- եզրափակել է զրույցը 25-ամյա ֆուտբոլիստը։

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Նշենք, որ Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում երկու անգամ հանդես է եկել մոսկովյան «Լոկոմոտիվում», հոլանդական «Վիտեսում»։ 2018թ.-ից «Խիմկիի» կիսապաշտպանն է։