Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով արդեն ձերբակալվածներ կան. չորսն էլ Զարթոնք գյուղի բնակիչներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրքերը թեժացել են ներկա գյուղապետի տեղակալի ու նախկին գյուղապետի միջև։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, թե Զարթոնքի նախկին գյուղապետի կողմնակիցները վնասել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև` տեղակալի ձեռքը:

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի և նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով հարվածներ են հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Իրավապահները պարզվել են նաև, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածել և վնասել է տեղակալի վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:

Թեժ վիճաբանություն Զարթոնքում. հիվանդանոց է դիմել 5 անձ, բերման ենթարկվել` 13–ը

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով արդեն ձերբակալվածներ կան։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են Զարթոնք գյուղի 4 բնակիչ։ Նախաքննությունը շարունակվում է: