ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում «Թումո» կենտրոն կկառուցվի։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` այդ նպատակով անհատույց 0.03 հա հողատարածք տրամադրելով «Սիմոնյան կրթական հիմնադրամին»:
Ինչպես ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կենտրոնը կառուցվելու է Բերդ քաղաքում` ավագ դպրոցի հարևանությամբ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ «Թումոն» արդեն հաստատել է մարզերում շարժական կենտրոններ ունենալու նախագիծը։
«Կենտրոնները շարժական են, և մի վայրում իրենց արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել այլ համայնք և այնտեղ շարունակել իրենց աշխատանքը»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ Տավուշում կառուցվող կենտրոնը շարժական կենտրոններից առաջինն է լինելու։
«Թումոն» դարի հմտությունները կփոխանցի զինվորներին
Նշենք, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նորարար կենտրոն է` բաց մեդիա–ստուդիայով, այն Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Կենտրոնը 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում։ Ավելի ուշ նման կենտրոններ բացվեցին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։