ՌԴ–ն դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը. ՀՀ դատախազությունը հարցում է ուղարկել

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն ասել է, որ անտրամաբանական է հետախուզումը մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ Տեղեկությունը hraparak.am–ին է հայտնել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

Վերջինիս խոսքով՝ նման որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը։

«Հայրապետյանը ՌԴ-ում ապրում է իքս հասցեում, անտրամաբանական է հետախուզումը մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է»,–ասել է նա։

Հարցին, թե Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, Մակինյանը պատասխանել է` տեղեկություն չունի։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներ ունեն, որ Ռուսաստանը դադարեցրել է հետախուզումը Հայրապետյանի նկատմամբ։

Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել

«Այժմ տվյալները ստուգման փուլում են։ Ինչպես հետախուզումը դադարեցնելու հավանականության, այնպես էլ դրա հաստատման դեպքում հիմքերի վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազություն հարցում ենք ուղարկել և սպասում ենք պատասխանի»,–ասաց Աբրահամյանը։

Հարցին, թե դատախազությանը հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը, ինչպես նշել է վերջնիս պաշտպանը, Աբրահամյանը պատասխանեց` դատախազությունը պատշաճ իրավական գործընթացներ իրականացնելու համար (խոսքը հանձնման գործընթացի  մասին է) հիմնվում է այլ երկրների իրավապահ մարմինների կողմից տրված տեղեկատվության վրա։ Սակայն ՀՀ դատախազությունը չունի որևէ տվյալ այլ երկրների կողմից Հայրապետյանի հայտնաբերման վերաբերյալ, որի պարագայում կարող էին հանձնման միջնորդություն ներկայացնել։

Աբրահամյանը հավելեց` Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի լինելը չէր կարող հիմք հանդիսանալ, որ նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվի։ Նրա խոսքով` եթե իրոք դադարեցվել է Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը, ապա դրա համար օրենքով նախատեսված այլ հիմքեր պետք է լինեն։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Քաղաքապետարանի աշխատակիցը Ռուբեն Հայրապետյանի ծանոթներին «ջրի գնով» հող է վաճառել

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Հայրապետյանը հետախուզման մեջ է։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

«Հարսնաքարի» գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել ու կալանավորվել է