«Իկրայի գործը» չի մոռացվել. Փաշինյանի դուստրը Սամսոնյանից նաև 2 մլն դրամ է պահանջում

Հայտնի է, թե երբ է նշանակվել «իկրայի գործով» դատական նիստը։ Նարեկ Սամսոնյանի դեմ հայցը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մեկնարկում է «իկրայի գործով» դատավարությունը։  Facebook սոցցանցի իր էջում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է, որ դատարանում իր շահերը կպաշտպանի Ռուբեն Մելիքյանը (Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ,–խմբ.)։

Սամսոնյանին հարցաքննել են «իկրայի գործով». նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Սամսոնյանը ամիսներ առաջ Facebook–ի իր էջում գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար։ Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով։

«Որ ասում էինք թեժ աշուն, նաև սա նկատի ունեինք, էլի: Դատական նիստերը սկսվելու են սեպտեմբերից»,–գրել է Սամսոնյանը։

Նա հավելել է, թե Մելիքյանը ի համերաշխություն բաց տարածքներում դիմակ չկրելու իր սկզբունքի է հանել դիմակը, որպեսզի նկարվեն։

Փաստաբանները պահանջում են որոշ դեպքերում հանել դիմակ դնելու պարտադիր պահանջը

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը Սամսոնյանի դեմ ներկայացրել է Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը։ Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 29-ին։ Այն տեղի ունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Զարուհի Նախշքարյանի ղեկավարությամբ։

Նարեկ Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սուտ մատնություն է արել. ՀՔԾ

Շուշան Փաշինյանը Նարեկ Սամսոնյանից պահանջել է ինչպես սոցցանցի իր էջում կամ տպագիր մամուլում հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող արտահայտությունները, այնպես էլ 2 մլն դրամ փոխհատուցել պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դեռ մարտին տեղեկացրել էր, որ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն։ Նա վարչապետին է վերագրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում։

Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ–ում հարցաքննվում է. նա կարծում է` Փաշինյանի ցուցումով է այնտեղ

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։