ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Առաջիկա օրերին 6 չարտերային հատուկ չվերթ է նախատեսված Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է թռիչքների ժամանակացույցը։
Դեսպանության հաղորդմամբ՝ «Nord Star» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթերը կկայանան օգոստոսի 2-ին և 8-ին՝ առավոտյան 10:00, իսկ «Red Wings» ավիաընկերության չվերթերը՝ օգոստոսի 4-ին և 6-ին՝ ժամը 18։00-ին։
«Nord Star» ավիաընկերությունը ևս երկու չվերթ կիրականացնի դեպի Գյումրի՝ օգոստոսի 3-ին և 5-ին՝ ժամը 11։00-ին։
Նշված բոլոր թռիչքները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։
«Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով
Ավիատոմսի արժեքը 14 հազար 700 ռուբլի է։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս չվերթերի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։