Մայրը նորածին աղջկան 1 մլն 200 հազար դրամով վաճառել է. դատախազության բացահայտումը

Գյումրիում կինը երեխա է ունեցել, որից հետո ամուսնուն և սկեսրոջը հայտնել է` երեխան մահացել է։ Կինը վաճառել է նորածնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի դատախազությունը նորածին երեխայի ապօրինի առուվաճառքի դեպք է բացահայտել։

«Տվյալներ են ձեռք բերվել, որ 2018–ի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1 200 000 դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին։ 1992–ին ծնված Արմավիրի բնակչուհին, փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրու 1989–ին ծնված բնակչի հետ։ Վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, ծննդաբերել է աղջիկ երեխայի»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Կինը ծննդաբերությունից հետո ամուսնուն և սկեսրոջը հայտնել է, որ երեխան մահացել է այն դեպքում, երբ փոքրիկին իր մոր օգնությամբ 1 200 000 դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսնական զույգի:

Զարհուրելի դեպք Երևանում. մայրն իր նորածին փոքրիկին նետել է աղբարկղը

Պարզվել է նաև, որ երեխայի մայրը և Երևանի բնակիչը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ երեխայի հայրության վերաբերյալ։ Նրանք կարողացել են գրանցել երեխայի հայրության ճանաչման կեղծ փաստը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) և 169.1-րդ հոդվածով (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը)։

Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նորածնի վաճառքի դեպքեր էին գրանցվել Արարատի մարզում և Արտաշատում։ Ավելին, այսօր էլ հայտնի դարձավ, որ հուլիսի 29-ին զարհուրելի դեպք էր տեղի ունեցել Երևանում. կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։