Կառավարությունը կվճարի սոցիալական կացարաններում բնակվող միայնակների կոմունալ վարձերը

ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Զարուհի Բաթոյանը լավ լուր ունի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այս որոշմամբ գործադիրը նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնեց նախարարը։

Բաթոյանը նշեց, որ փոխանցվող գումարի չափը որոշվել է նախորդ տարիների ծախսերի հաշվարկով։ Այդուհանդերձ, նա չբացառեց, որ վարձավճարների ավելացման դեպքում փոխհատուցման գումարը հաջորդ տարի ևս կարող է ավելացվել։

Ավագ սերնդի միայնակ արվեստագետներն անտեսված չեն. նրանց համար գնումներ են անում

Նշենք, որ մինչև հիմա սոցիալական տունը միայնակ թոշակառուներին տրամադրում էր միայն կացարան և երբեմն էլ` որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և՛ ապրելու, և՛ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար:

Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ