ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն արդիական հարց է Հայաստանի համար: ԱԷԿ-ը երկրին ամբողջ տարվա ընթացքում էժան էլեկտրաէներգիա է ապահովում: Առանց ատոմակայանի էլեկտրաէներգիան բավականին կթանկանա, նշանակում է` կթանկանան նաև կոմունալ ծառայություններն ու ապրանքները (և՛ այն ապրանքները, որոնք երկրի ներսում ենք սպառում, և՛ նրանք, որոնք արտահանում ենք): Խորհրդային ՋՋԷՌ տեխնոլոգիայի ռեակտորի հիմքով էներգաբլոկների կյանքը արդեն իսկ հաջողությամբ երկարաձգվել է. դրա հաջող փորձը կա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կից էներգետիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արտյոմ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ Նովովորոնեժի ԱԷԿ-ը գործում է արդեն ավելի քան 50 տարի, Կոլսկինը՝ գրեթե 50, ֆիննական Լովիյսա ԱԷԿ-ը (նույնպես խորհրդային տեխնոլոգիայով) ևս երկարաձգման փորձ ունի:
«Ինչպես ցույց է տալիս ՋՋԷՌ տեխնոլոգիայով էներգետիկ ռեակտորի հիմքով ԱԷԿ-ների շահագործման համաշխարհային փորձը, դրանց շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 տարով», - ընդգծեց նա:
Կավելանա՞ արդյոք ստացված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը` կախված է ներդրումների (դրամաշնորհներ, վարկեր, պետական սուբսիդավորում) ծավալից ու պայմաններից: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ԱԷԿ-ի մի շարք հանգույցներ անհնար է փոխել (ավելի էժան կլինի նոր կայան կառուցել): Դրանք են ռեակտորը, գլխավոր շրջանատար խողովակները, շոգեգեներատորները և այլն: Պետրոսյանի խոսքով` ամեն ինչ կախված է դրանց վիճակից։
Եվս մեկ հարց կա, որը հետաքրքրում է Հայաստանի իշխանություններին` միջին և փոքր հզորության ատոմակայանների կառուցման հնարավորությունը, որոնք կարող են ավելի մատչելի լինել:
Ըստ մասնագետի` դրանք հետաքրքիր են նաև նրանով, որ թույլ են տալիս էլեկտրակայանը միացնել համեմատաբար ավելի փոքր հզորության ցանցին: Օրինակ` եթե անհրաժեշտ է 200 մեգավատտ հզորություն, կարելի է ոչ թե մեկ միջին էներգաբլոկ կառուցել, այլ մի քանի փոքր (երկու, չորս կամ նույնիսկ ութ): Միևնույն ժամանակ դրանք կարելի է կառուցել ոչ թե միանգամից, այլ հերթով: Սակայն «կառուցման ծախս` կիլովատտի գին» հաշվարկով մոդուլային էներգաբլոկները պակաս շահեկան են։ Թեև նրանց կառուցման արժեքը, բնականաբար, ավելի փոքր է, բայց մեկ միավոր հոսանքի ծախսն ավելի մեծ է, և հակառակը` որքան կայանը մեծ է, այնքան միավորի ծախսը քիչ է ծավալի հաշվին:
Այսպիսով, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը շարունակում է կենսական կարևորության հարց մնալ երկրի էներգետիկայի համար: