ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայաստանում զորակոչի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել շուրջ 30 նորակոչիկի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նրանցից 13-ն արդեն ապաքինվել են, իսկ մյուսները մեկուսացված են, համապատասխան բուժում են ստանում։ Ապաքինվելուց հետո նրանք ևս կհամալրեն ՀՀ զինված ուժերի շարքերը»,- նշեց Ստեփանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, նաև պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։
Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։
Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը թեստավորվում է նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։
Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու շանս ենք ստացել. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել
Հիշեցնենք՝ ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի 2 ամիս: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նորակոչիկները երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:
259 նոր դեպք, 542 առողջացած` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընթացքը