ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն աշխատանքային հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչ Գենադի Բաբայանի և Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրեսի ներկայացուցիչ Փեյրուզ Իսաևի հետ:
Ավելի վաղ Քիշնևի կենտրոնում ծեծկռտուք էր տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջիններս երթ էին անցկացրել, իսկ հետո ակցիա կազմակերպել Հայաստանի դեսպանատան մոտ: Կողմերին հաջողվել էր բաժանել միայն ոստիկանության ուժերի օգնությամբ։
Դոդոնը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են նախագահի ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդական Սերգեյ Միշինը և միջէթնիկ հարաբերությունների գործակալության գլխավոր տնօրեն Ելենա Բելյակովան:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ Մոլդովան ընդհանուր խաղաղ տուն է բոլոր ժողովուրդների համար, որոնք գնահատում են մոլդովական ժողովրդի հյուրընկալությունն ու բարյացակամությունը: Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ապագայում բոլոր ջանքերը գործադրել կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։
«Ես ասել եմ, որ Մոլդովայի Հանրապետությունը չեզոք բազմազգ պետություն է, իսկ երկրի ղեկավարությունը` ազգամիջյան խաղաղության և համերաշխության պահպանման կողմնակից», - նշել է Դոդոնը:
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումից հետո տարբեր երկրներում հավաքներ էին կազմակերպվում դեսպանատների մոտ։ Ակցիանները հաճախ վերածվում էին հայերի և ադրբեջանցիների բախումների։ Մասնավորապես բախումներ են եղել Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։ Այս ամենի ֆոնին ծեծկռտուքների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում։