ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի կապակցությամբ մայրը ձերբակալվել է իր նորածին երեխայի սպանության կասկածանքով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Տեղեկացրել էինք, որ երեկ՝ հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում. կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ»,–ասացին ՔԿ–ից։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց`մանրամասներ ներկայացնելով դեպքի կապակցությամբ։
«31-ամյա կինը երեկ` ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը։ Այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: