10 օրում ավելի շատ գումար է նվիրաբերվել, քան 3 տարվա ընթացքում. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ այս ամենի կարևորագույն նպատակն է հատուցել Արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություններն աշխարհի տարբեր երկրներից շարունակվում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին 12 օրերին կատարված նվիրատվություններին՝ նշելով, որ տպավորիչ աճ է արձանագրել։

Տավուշի սահմանին կրակոցները չեն լռում. ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել է` ինչ է եղել գիշերը

Հուլիսի 17-27-ը հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ Վարչապետը նշում է՝ 10 օրում նվիրաբերված այս գումարն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված։ 2017, 2018 և 2019 թվականներին կատարված նվիրաբերությունները կազմել են 308 միլիոն դրամ։

«Ավելի ոգևորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին և կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների»,- գրել է վարչապետն ու հավելել, որ ի վերջո այս ամենի կարևորագույն նպատակն է հատուցել Արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունն իր հերթին արել և անելու է հնարավոր ամեն ինչ զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ