Երևանը պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը Բաքվի հետ. Մնացականյան

Նախարարի խոսքով՝ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, համաձայն է նախադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դիտորդների առաքելության ընդլայնման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանը պատրաստ է շարունակել պահպանել 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմը Ղարաբաղյան հակամարտության գոտում ու Ադրբեջանի հետ սահմանին։ The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 497 կրակոց. ՊՆ

Ադրբեջանի հետ սահմանին՝ Տավուշի ուղղությամբ վերջերս տեղի ունեցած էսկալացիայի ֆոնին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտոնական լրահոսը գրեթե ամեն օր հայտնում է նոր կրակոցների մասին։ Երկու օր առաջ ադրբեջանցի դիպուկահարի փամփուշտից հայ պայմանագրային զինծառայող է զոհվել։

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի համաձայնել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային միջնորդների բոլոր առաջարկությունների հետ․խոսքն առաջնագծում միջազգային դիտորդների թվի ավելացման ու միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու մասին է։

«Հայաստանը շարունակում է առաջ տանել էսկալացիայի ռիսկերի նվազեցման այս և այլ միջոցները», - ավելացրել է նախարարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Ադրբեջանում անզգուշության հետևանքով սահմանապահ ծառայության զինվոր է մահացել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։