ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանը չնայած զրկվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից, բայց շարունակում է պաշտոնապես բուհի ռեկտորը համարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ի դեպ, ռեկտոր դառնալու համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է:
Հայտնել էինք, որ 2020-ի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտոր էր ընտրվել Դիանա Գալոյանը, սակայն նույն օրն առավոտյան Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) որոշում էր կայացրել անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հարցն այն է, որ, ըստ ԲՈԿ–ի, Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ, արտագրություններ։
Միաժամանակ, ԲՈԿ–ի կայացրած վարչական ակտը կարող էր բողոքարկվել, ինչն էլ արել է Գալոյանը։
«Դիանա Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»,–ասացին նախարարությունից։
Սա հիմնավորված է հենց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որի 74-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը:
Սակայն ԲՈԿ–ից տեղեկանում ենք, որ վարչական բողոք բերելը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: Այսինքն` անկախ բողոքարկումից, ԲՈԿ–ի որոշումն ուժի մեջ է, և հասցեատերը համարվում է գիտական աստիճան ունեցող կամ չունեցող հենց այդ պահից:
Ու նորից շիլաշփոթ է ստացվում, քանի որ մի կողմից մինչև բողոքների վերաբերյալ որոշումների կայացումը կասեցվում է նրան պաշտոնից ազատելը, մյուս կողմից, ըստ ԲՈԿ–ի, նա համարվում է գիտական աստիճանից զրկված անձ։ Իսկ այս դեպքում Գալոյանը չի կարող ռեկտորի պաշտոն զբաղեցնել։
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2019թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար:
Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»