«Դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են...». Քոչարյանը խոսեց իշխանության քայլերից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն իշխանության անլուրջ վերաբերմունքի արդյունքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակն ավելի վատ է, քան նույնիսկ այն երկրներում, որոնք ոչինչ չեն արել Covid-19–ի դեմ պայքարելու համար։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան 3 լրատվամիջոցով` «5–րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ 2» հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում։

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. Ռոբերտ Քոչարյանը եթերում առանց դիմակի է

«Համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր երկիրը փակել և խուսափել այս վիճակից։ Միակ դեպքը, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ մեզ համար` չաշխատեց։ 5 ամիս երկրում արտակարգ իրավիճակ է, համեմատում ես թվերն այն երկրների հետ, որոնք ոչինչ չեն արել, օրինակ` Բելառուսիան, մեզ մոտ իրավիճակն ավելի վատ է։ Մեր կառավարության ձեռնարկած քայլերը ո՞ւր են մեզ բերել»,–նշեց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ ինքը չունի այն հարցի պատասխանը, թե ինչու է մեզ մոտ իրավիճակն ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ոչինչ չի արվել, որովհետև ավելի հեշտ է ասել, թե ինչ է արվել, քան ասել, թե ինչ չի արվել։ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ հենց սկզբից իրավիճակի գնահատումն էր սխալ։ Նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել։

«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին

«Իրար հակասող որոշումները, հայտարարությունները, այն մեսիջները, որոնք ուղղվում էր հանրությանը` դիմակ կրեք, հետո մի կրեք, դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են, զավեշտալի երևույթներ, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեն»,–ասաց նա։

Քոչարյանը շեշտեց` անընդունելին իր համար դիմակ չդնելու մեջ ժողովրդին մեղադրելու փորձն է։ 

«Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարիներում։ Միանշանակ, այս ամենի պատճառը ձեռնարկված քայլերն են և կառավարման արդյունավետությունը։ Չպետք է անընդհատ ժողովրդին ասել, թե դու ես մեղավոր», - ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, այսօրվա տվյալներով, 37 937 է։ Կորոնավիրուսի զոհ է դարձել 723 մարդ։

Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան