ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հոլոքոստի սարսափը վերապրածների համար Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյականության հարց է։ Իսրայելական Jerusalem Post– ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Դա ձեր խղճի վրա է. ես գիտեմ, որ շատ հրեաներ ՝ հասարակական գործիչներ, մտավորականներ և հասարակ մարդիկ, հստակ կիսում են այս տեսակետը», - ասել է Մնացականյանը։
Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն երկրի իշխանությունները, հենց նրանցից է կախված Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության կարևոր ականատեսների թվում են եղել հրաները, որոնք փաստացիորեն վկայել են թուրքերի կողմից կատարված ոճրագործությունների մասին։ Խոսքը, մասնավորապես, ամերիկացի դիվանագետ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուի մասին է։ Նրա գրքերն ու հոդվածներն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին։
«Ցեղասպանություն» տերմինի, դրա կանխարգելման և պատիժների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նախագծի հեղինակը ևս ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինն է եղել։
Հիշեցնենք, որ Իսրայելը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև հարցը Քնեսեթում բազմիցս է բարձրացվել:
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև դրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։