Արշակյանն այցելել է Տավուշ. քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների արդյունավետությունը

Հակոբ Արշակյանը Տավուշի մարզում անդրադարձել է նաև արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների առանձնահատկություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։

«Այցի ընթացքում ԶՈւ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ  միջոցների կիրառման առանձնահատկություններն ու արդյունավետությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը։

Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ։ Քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը ևս կշարունակվի։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա