59 տեխնիկա, 600 աղբաման է ձեռք բերվել. կառավարությունում քննարկում է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աղբահանության ռազմավարության թեմայով քննարկմանը ներկայացվել է երկամյա միջոցառումների ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ–ում աղբահանության ծառայությունների որակի բարձրացման համար շարունակվում են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները. արդեն իսկ ձեռք է բերվել 59 տեխնիկա, 600 աղբաման: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` աղբահանության համակարգի ռազմավարության թեմայով նրա  գլխավորութամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

«Ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր։ Նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, աղբի վերամշակման մեխանիզմների ներդրմանը և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ։ Մասնավորապես, բնակավայրերում կհիմնվեն աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար կսահմանվեն առանձին ընթացակարգեր:

Ինչպես են աղբահավաք մեքենաները երևանյան բակեր մտնելու. Ռուսաստանից լուծում են առաջարկում

Փաշինյանը կարևորել է հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպման հարցը և այդ առնչությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կիրականացվեն 2 խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքներ՝ Երևանում և Հրազդանում: Դրանց շինարարությունը կմեկնարկի առաջիկայում: