ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ Team ընկերությունը բանկում գրավադրել է իր գնած Veon Armenia (Beeline) ընկերության 100% բաժնետոմսերը։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում իր համաձայնությունը տվեց ընկերության առաջարկած այս գործարքին։
Հանձնաժողովը հուլիսի 10–ի նիստում հաստատել էր Veon Armenia ընկերության առաջարկը` ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը Team ընկերությանը փոխանցելու վերաբերյալ։
Իսկ այսօրվա նիստում պարզվեց, որ Team–ի սեփականատեր Եսայան եղբայրներն այդ գործարքի դիմաց դեռ չեն վճարել։ Իսկ որպեսզի կարողանան վճարել, որոշել են Veon Armenia–ի բաժնետոմսերը գրավադրել ու ստացված գումարով վճարել հենց այդ նույն բաժնետոմսերի դիմաց։
Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։
Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ Veon Armenia-ն գնելու հարցով:
«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի
Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:
Եսայաններն էլ վստահեցնում են, որ կրճատումներ չեն անելու, թեև իրենց հետ միասին Ucom–ը լքել է մի քանի հարյուր աշխատակից։
Veon Armenia ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: