ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից կատարած անօրինական քայլերը։
Մասնավորապես, ձեռք է բերել բավարար ապացույցներ, որ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը Սնանկության դատարանի նստավայրում 2018-2020 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում։
Այնուհետև նա, տեղյակ լինելով վերջիններիս աշխատանքի չհաճախելու մասին, կազմել և իր ստորագրությամբ վավերացրել է կեղծ փաստաթուղթ 5 քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ։ Այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետբյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ դուրս է գրվել 9.340.946 ՀՀ դրամ։
Այդ գումարը սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է:
Սնանկության դատարանի 2 դատավորների լիազորությունները կասեցվել են
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրգործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր...
2020 թ. հուլիսի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում։ Նա տվել է խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:
«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան
Նշենք, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն Արման Ղուկասյանն է։
Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: