Պետական սահմանին ի՞նչը կարգելվի «ցուցադրել». ԱԱԾ–ն օրենքում փոփոխություններ է առաջարկել

ԱԱԾ–ն «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկում իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը « «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացրել։

Նախագծի համաձայն` առաջարկ է արվում ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանումներ իրականացնել միայն թույլտվություն ստանալուց հետո։

Նաև Հայաստանի հետ սահմանին․ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ–ի նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ օրենսդրական դաշտը կանոնակարգելու անհրաժեշտություն իրականում կար։

«Սահմանի հատվածներում լինում են ենթակառուցվածքներ, որոնք չպետք է նկարահանեն։ Անկախ այն հանգամանքից, թե դա ինչ նպատակով է արվում` տուրիստական, ֆիլմեր նկարահանելու, թե տեսահոլովակներ սարքելու, տեսախցիկների թիրախում կարող են հայտնվել օբյեկտներ, որոնց նկարահանումը կարող է անվտանգության առումից ռիսկային լինել»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` օրինակ, Արցախի պարագայում շփման գծի տարբեր ուղղություններով ցանկացած պարագայում թույլտվություն է անհրաժեշտ որևէ տիպի նկարահանումներ իրականացնելու համար։

Աբրահամյանը նշեց նաև, որ անգամ սահմանային հատվածում, որոշակի խորության վրա կան ենթակառուցվածքներ, որոնք նույնիսկ ՀՀ քաղաքացիների համար պետք է «մատչելի» չլինեն։

Նա ասաց, թե չի կարծում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հիմա ներկայացնելը կապ ունի այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ։ Աբրահամյանը հավելեց` այս հարցի կանոնակարգման խնդիր վաղուց կար։

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նշենք նաև, որ ԱԱԾ–ի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ ասվում է` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դրանից բացի, այդ նկարահանումները չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն էլ իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

Ըստ այդմ, առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք–շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: