Պարետը 2 շաբաթով սահմանափակումներ է մտցրել Սևանի` աղմուկ հանած լողափի աշխատանքներում

Լողափը, որտեղ օրեր առաջ խնջույք էր կազմակերպվել, չի դադարեցնի իր աշխատանքը, սակայն այնտեղ այցելողները «ծանր–ծանր» պետք է գնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը որոշել է 14 օրով կասեցնել Սևանի White Shorja լողափի խոհանոցի աշխատանքը։ Տեղեկությունը հրապարակված է Facebook սոցցանցում։

«Մենք բողոքարկելու ենք այդ ոչ համաչափ տույժի սահմանումը (բոլոր նմանատիպ դեպքերում կասեցումը եղել է 1-2 օրով)»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ հայտնում են` պարետի որոշմամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել աշխատանքում, սակայն չեն դադարելու հյուրեր ընդունել։ Պարզապես այնտեղ այցելողները պետք է իրենց հետ սնունդ տանեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա առանց դիմակի է եղել, որի համար արդեն իսկ տուգանվել է։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` White Shorja լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը նաև դա էր հերքել։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ինչպե՞ս տարբերել գրիպը կորոնավիրուսից․ բժշկի պատասխանը

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

ՀՀ–ում 2230 երեխա է վարակվել կորոնավիրուսով. մեծ մասը եղել են Երևանից

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։