Կապսի ջրամբարի կառուցմամբ տարեկան 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա կխնայվի

Կապսի ջրամբարի կառուցմամբ Թալինի տարածաշրջանում հնարավոր կլինի ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3.5 տարվա ընթացքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման հարցը։

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ինքնահոս ոռոգման համակարգ է անցկացվում. տեսանյութ

«Ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով»,–նշված է կառավարության պաշտոնական կայքում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։

Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի նաև ոռոգելի տարածքներն ընդլայնել 7000 հեկտարով՝ Թալինի տարածաշրջանում:

Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Sputnik Արմենիան այցելել էր Արարատի մարզում գտնվող Ազատի ջրամբար. 70 միլիոն խմ տարողությամբ Ազատի ջրամբարն այս օրերին լեփ–լեցուն չէ։ Մայիսին ջրամբարը լցվել էր մինչև վերջ, սակայն քանի որ ոռոգման սեզոնը մեկնարկել է, այժմ արդեն իսկ այն կիսով չափ է լեցուն։  Հուլիսի 23-ին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը հայտնել էր` տարին ջրառատ չի եղել, և ոչ բոլոր ջրամբարներում է բավարար քանակի ջուր կուտակվել։