Ինչ է արել Ռուսաստանը սահմանային իրավիճակը կայունացնելու համար. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետը խոսել է ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին ասել է, որ Ռուսաստանը շատ կարևոր, առանցքային միջնորդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը ազգամիջյան հակամարտության դաշտի վերածել. Փաշինյան

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) կարևոր կայունացնող դեր են խաղացել ռազմական ակտիվ գործողությունների դադարեցման և հարաբերական հանգստության հաստատման գործում: Միաժամանակ, ըստ Փաշինյանի, պետք է հատկապես ընդգծել Ռուսաստանի դերը։

Ինչպես նշել է վարչապետը, այն գործողությունները, որոնք ձեռնարկել է Կրեմլը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի և զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունը առանցքային դեր են խաղացել սահմանային իրավիճակի հարաբերական կայունացման համար:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներից շատերը, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերը հարց են տալիս, թե ինչու է Ադրբեջանի դաշնակից Թուրքիան այդքան միանշանակ աջակցում է նրան, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությունն այնքան էլ միանշանակ չէ: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է` պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, այսինքն ՝ առանցքային միջնորդ բանակցություններում, և պետք է գործի այդ շրջանակներում։

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Ռուսաստանը մի կողմ է քաշվել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացումից։ Նման բան չի կարող լինել, քանի որ, ինչպես նշել է Փաշինյանը, այստեղ շոշափվում են ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի կենսական շահերը։

«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին

«Մեր շահերը շատ առումներով համընկնում են։ Չեմ ասի, թե դրանք նույնական են, և չեմ կարծում, որ աշխարհում կան այնպիսի երկրներ, որոնց շահերը նույնական կլինեին։ Բայց այս իրավիճակում մենք ընդհանուր շահեր շատ ունենք։ Եվ այստեղ խաղարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ անվտանգության հարցը, որովհետև մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան լարված է, որ էսկալացիան կարող է հանգեցնել գլոբալ բախումների», - ընդգծել է Փաշինյանը։

Զուտ ռազմական առումով դա լոկալ հակամարտություն էր նույնիսկ Հայաստանի չափանիշներով։ Բայց այս լոկալ միջադեպից, Փաշինյանի խոսքով, կարող է գլոբալ հակամարտություն աճել, առավել ևս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են դրանում։ Դա նախևառաջ Թուրքիան է, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում և՛ Սիրիայում, և՛ Հունաստանի, Լիբիայի, Իրաքի հետ հարաբերություններում։

Ինչպես ընդգծել է վարչապետը, ակնհայտ է, որ Թուրքիան գլոբալ սպառնալիք է դառնում կայունության համար։

Փաշինյանի կարծիքով՝ նման հակամարտության հնարավոր գլոբալ հետևանքները հասկանում են բոլորը, առաջին հերթին ՝ Ռուսաստանը, քանի որ նրա համար սա շատ զգայուն տարածաշրջան է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։