Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

Թերթը որոշ մանրամասներ է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի տանը հունիսի 14-ին կատարված խուզարկության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները ևս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը՝ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով:

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է. հայտնի է նրա կարգավիճակը

«Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, և պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, և հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը:

«Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաև Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչև հիմա խուզարկություն չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, և չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»:

Թերթը գրում է` ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել:

ԱԱԾ–ն Գագիկ Ծառուկյանի թեմայով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ