Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածության, ինչպես նաև Սիրիայի և Լիբիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են Էրդողանի աշխատակազմից։

Ադրբեջանը ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. Նաղդալյան

«Մեր նախագահը ՌԴ ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուս–թուրքական հարաբերությունների ամրապնդման հարցեր։ Նրանք նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությունը, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, մասնավորապես, Սիրիայում և Լիբիայում»,–նշվում է Էրդողանի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 6 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել