ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վաճառքի է հանել իր ինքնաթիռը, որը լրագրողներին է ցուցադրել ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Անգարում Boeing 787-8 Dreamliner–ի ֆոնին կայացած ասուլիսը հեռարձակվել է Մեքսիկայի նախագահի Twitter-յան էջում:
Ինքնաթիռը նախատեսված է մինչև 80 ուղևորի և անձնակազմի մինչև 20 անդամի համար: Օդանավը բաղկացած է երեք մասից: Առաջինը անձնակազմի, նախագահին ուղեկցող անձանց հանգստի համար նախատեսված հատվածն է, որտեղ գտնվում է նաև լույսի, մուլտիմեդիայի և օդանավի այլ ծառայությունների կառավարման համակարգը:
Երկրորդում գտնվում է մեծ սեղանով, մարզասարքով և արբանյակային հեռախոսով նախագահական աշխատասենյակը, ինչպես նաև ընդարձակ, երկտեղանոց մահճակալով ննջասենյակն ու զուգարանը:
Երրորդ հատվածը նախատեսված է լրագրողների ու անվտանգության աշխատակիցների համար:
Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով
Ինքնաթիռում կա երկու խոհանոց, հագուստի և ճամպրուկների համար նախատեսված հատված, անձրևանոցների պահարան։
Ներկա պահին բանակցություններ են ընթանում երկու գնորդի հետ, որոնցից մեկը պատրաստ է կանխիկ վճարել, իսկ մյուսը՝ կեսը կանխիկ, կեսը՝ բժշկական պարագաներով: Հետաքրքրվողներից մեկը 1 մլն դոլար կանխավճար է տվել։
Նախագահական 80 ինքնաթիռներից ու ուղղաթիռներից ազատվելու մտադրության մասին Օբրադորը հայտարարել էր դեռևս 2018 թվականին ընտրություններում հաղթելուց առաջ: