Հորդանանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Հայաստանին զինամթերք վաճառելու լուրից հետո

Ադրբեջանի հանրությունը դժգոհությամբ է ընդունել Հորդանանի և Հայաստանի համագործակցության մասին տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստան զենք մատակարարելու վերաբերյալ տեղեկություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

Նաև Հայաստանի հետ սահմանին․ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հորդանանն իբր ՌՊԳ-32 տիպի նռնականետ է վաճառել Հայաստանին:

Նշվում է, որ դեսպանի հետ զրուցել է ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովը:

«ԱԳՆ փոխնախարարը նշել է, որ հանրությունը դժգոհությամբ է ընդունել Հորդանանի կողմից (Հայաստանին – խմբ.) զենք վաճառելու նորությունը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հորդանանի դեսպանն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը: Դիվանագետը խոստացել է ջանքեր գործադրել հարցը կարգավորելու համար:

Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ լուրեր էին տարածել Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան ականանետեր մատակարարելու մասին: Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը նույնպես կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ: Միևնույն ժամանակ Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել էր իր տարածքով Հայաստանին զենք մատակարարելու տեղեկությունը:

Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա