ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայկական մրգերն ու բանջարեղենը Ռուսաստանում գյուղատնտեսական շուկաներից կամաց-կամաց տեղափոխվում են սուպերմարկետներ։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Spayka ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, այդ փոփոխությունները տեղի են ունեցել վերջին հինգ տարում։
Տարիներ շարունակ Ռուսաստանում հայկական միրգ-բանջարեղենը վաճառվում էր հիմնականում շուկաներում, որտեղ բիզնեսի մեծ մասը վերահսկում են ադրբեջանցիները։ Որպես կանոն, նրանք գնում են ապրանքը և վերավաճառում շուկայում։ Հայ արտահանողները նրանց հետ աշխատելուն առանձնապես դեմ չէին և երբեք չէին հրաժարվում ապրանքը նրանց վաճառել։
Աստիճանաբար խոշոր արտահանողները սկսեցին հրաժարվել շուկաներից և կապ հաստատեցին սուպերմարկետների հետ։ Բայց, Բաղդասարյանի խոսքով, այստեղ ևս պատճառն ազգային հարցը չէր։ Շուկայում առևտուրը շատ անհաստատ է` թե՛ վաճառքի քանակն է տատանվում, թե՛ գները, թե՛ իրավական պաշտպանությունն է քիչ։ Իսկ սուպերմարկետում գներն ու ծավալները նախապես պայմանավորվում են, և պայմանագրերում ամեն ինչ գրանցվում է։
«Այսինքն՝ ամեն ինչ ավելի քաղաքակիրթ է։ Այդ պատճառով արդեն 5 տարի է՝ միջնորդների հետ չենք աշխատում, ընդ որում՝ անկախ նրանց ազգությունից։ Ցանկացած ազգում մարդիկ կան, ովքեր ուզում են պարզապես նորմալ բիզնես վարել»,-ընդգծեց Բաղդասարյանը։
Բայց պետք է հաշվի առնել նաև, որ շատ դեպքերում ադրբեջանական բիզնեսի որոշակի շրջանակների հետ աշխատանքը նաև քաղաքական ռիսկեր է պարունակում, որոնք էլ վերջերս ի հայտ եկան։ Ռուսական առևտրային ցանցերում նման ռիսկեր գործնականում չկան, քանի որ այնտեղ չկան երկրի ղեկավար էլիտայի հետ կապված ադրբեջանցի բիզնեսմեններ։
Այդ պատճառով էլ ընկերությունը հիմա ապրանքները տանում են ուղիղ սուպերմարկետներ` կատարելով արտաքին տեսքի և փաթեթավորման նրանց պահանջները։ Բացի այդ, ուղիղ համագործակցությունն ավելի շահավետ է․կարիք չկա վճարել միջնորդին, որը մեկ կիլոգրամի վաճառքից երբեմն ավելի շատ էր վաստակում, քան արտահանողը։
Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև
Այսպես թե այնպես, հայկական մրգերի և բանջարեղենի ինչ-որ մասն այնուամենայնիվ շարունակվում է վաճառվել Ռուսաստանի շուկաներում, խոսքը հիմնականում ծիրանի ու կեռասի մասին է (խաղողը գրեթե ամբողջովին տեղափոխվել է սուպերմարկետներ)։
«Բայց ընդհանուր առմամբ հայկական թարմ մրգերի և բանջարեղենի 70-80%-ը Ռուսաստանում արդեն վաճառվում է սուպերմարկետների միջոցով։ Խոսքը մեր ընկերության մասին չէ, այլ առհասարակ հայկական արտահանման։ Այսինքն՝ գյուղատնտեսական շուկաներում, որտեղ մեր հին «բարեկամները» վճռորոշ դեր են խաղում, մեր միրգ բանջարեղենի 20-30%-ն է մնացել, ոչ ավելին»,-նշեց Բաղդասարյանը։
Այսպիսով, որքան հայ արտահանողներն ավելի արագ կարգավորեն իրենց ապրանքի իրացումը և սկսեն աշխատել առևտրի ցանցերի հետ, այնքան հարցն ավելի արագ կլուծվի։
«Օրենքն ազգությունից վեր է»․ Մոսկվայի «Ֆուդ սիթիի» սեփականատերերը նահանջո՞ւմ են
Նշենք, որ մի քանի օր առաջ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մանրամեծածախ շուկան հրաժարվել էր ընդունել հայկական մրգերով բեռնատարները։ Մի քանի օր անց հայկական ապրանքները հրաժարվեց ընդունել նաև «Твой дом» առևտրի ցանցը։ Երկու ցանցերի սեփականատերերն էլ ազգությամբ ադրբեջանցի խոշոր ձեռնարկատերեր են։ Այնուամենայնիվ, մրգերը հաջողվեց իրացնել այլ շուկաներում։ Ինչ վերաբերում է «Твой дом» ցանցին, ապա դրա մասշտաբներն այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ընդհանուր ռուսական շուկայի վրա։