ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են ավելի քան 20 անուն դեղորայք, որոնք արդյունավետ են COVID-19-ի բուժման գործում։
Nature ամսագիրը գրում է, որ այդ եզրակացության են հանգել Բժշկական հետազոտությունների ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները։ Նրանք վերլուծել են ավելի քան 12 հազար դեղից բաղկացած տվյալների բազան։
Հետազոտության համաձայն՝ արդեն գոյություն ունեցող որոշ հակավարակային դեղեր կարող են արգելակել կորոնավիրուսի զարգացումն ու արգելափակել այն վաղ փուլերում։ Դրա համար բավական է ընդունել փոքր չափաբաժիններ, որոնք չեն վնասի պացիենտներին։
Բացի այդ, ուսումնասիրության արդյունքների համաձայն, չորս ղեդորայք կարող են ուժեղացնել COVID-19-ի բուժման մեջ հաճախ օգտագործվող ռեմդեսիվիրի ազդեցությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունն (FDA) արդեն հավանություն է տվել դեղերից երկուսին՝ հակաալերգիկ ասթեմիզոլին ու կլոֆազամինին։
Գիտնականներն արդեն սկսել են փորձարկել մնացած դեղերը կենդանիների վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Ըստ համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի` հուլիսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 16,4 մլն–ը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 652 հազար մարդ։