«Ոչինչ բացառել չի կարելի»․ Արգենտինայում ՀՀ դեսպանը՝ սահմանին իրավիճակի սրման մասին

Ատոմային էներգետիկայի զարգացման ամբողջ պատմության ընթացքում աշխարհում ոչ ոք չի սպառնացել որևէ ատոմակայանի գնդակոծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ատոմային էներգետիկայի ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն աննախադեպ է անպատասխանատվության աստիճանով։ Clarin պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Արգենտինայում Հայաստանի դեսպանը։

«Ադրբեջանի իշխանությունն ուզում է շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ ազգամիջյան թշնամություն բորբոքելով։ Բացի այդ, նրանք պետք է արդարացնեն Ադրբեջանի արած ծախսերը պաշտպանության ոլորտի վրա», - ասել է դեսպանը։

Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային

Ադրբեջանի ղեկավարության կողմից անընդհատ բորբոքվող  հակահայկական տրամադրությունների ֆոնին Հայաստանը պետք է զգույշ և պատրաստ լինի Արցախի կամ ինչպես վերջին օրերին ակնհայտ դարձավ բուն Հայաստանի Հանրապետության դեմ վտանգավոր գործողություններից։ Մկրտումյանը նշել է, որ չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման ոչ մի տարբերակ։

«Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Բաքուն կարող է հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Դա մի անպատասխանատու հայտարարություն է, որը ատոմային  էներգետիկայի պատմության մեջ նախադեպը չունի։ Նրանք հաշվի չեն առնում այդ քայլի հետևանքները, այսինքն՝ աղետն ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա։

Ինչ վերաբերում է Թուրքիային, դեսպանը նշել է, որ աշխարհում չկա նախադեպ, որ ցեղասպանություն գործած երկիրը բացահայտորեն սատարի ագրեսիան նույն ժողովրդի դեմ ու հայտարարի այդ մասին։

Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները միանշանակ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են։ Նրանք ընդգծում են, որ լուծումը պետք է գտնել ուժի կիրառումից ու սպառնալիքից հրաժարվելու, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության իրավունքի սկզբունքների միասնականության մեջ։ Դեսպանն ամփոփել է, որ Ադրբեջանը դեմ է, որ մի քանի հազարամյակ իր հողի վրա ապրող ժողովուրդը կարողանա որոշել իր ճակատագիրը։

Սահմանամերձ համայնքների բնակիչները մեր աջակցության կարիքն ունեն. ՀՀ նախագահի կոչը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել