Telegram-ն արդեն տեսազանգ ունի. ինչպե՞ս օգտվել նոր գործառույթից

Նոր գործառույթը դեռևս թեստավորման փուլում է, բայց արդեն հնարավոր է օգտվել և տեսազանգով շփվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Telegram-ի մեսենջերը տեսազանգերի նոր գործառույթ է գործարկել։ «Դուրովի կոդ» պարբերականի հաղորդմամբ՝ գործառույթն առայժմ թեստավորման փուլում է, սակայն iOS-ի օգտատերերն արդեն կարող են օգտվել դրանից։

Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել

Նախևառաջ պետք է թարմացնել հավելվածը վերջին տարբերակով՝ 6.3։ Այն կարելի է ներբեռնել App Store-ից: Այնուհետև պետք է 10 անգամ սեղմել հավելվածի կարգավորումների պատկերի վրա՝ Debug մենյուն բացելու համար, այնտեղից էլ՝ ակտիվացնել Experimental Feature-ը (փորձարարական գործառույթներ):

Դրանից հետո անհրաժեշտ է մուտք գործել անձնական էջ՝ «քաշելով ավատարը» և սկսել օգտվել նոր հնարավորությունից։

Ընդ որում, կարևոր է, որ զրուցակիցը նույնպես կատարի այս նույն գործողությունները, հակառակ դեպքում տեսազանգով զրույցը չի ստացվի։

Հունիսի 18-ին «Ռոսկոմնադզորը», Գլխավոր դատախազության համաձայնությամբ, վերացրել է Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը։