ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik, նելլի Դանիելյան.Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանն ավելի մեծ վնաս կտա, քան կանխատեսվում էր մինչև այժմ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է ապրիլյան կանխատեսումն ու ավելացրել համաշխարհային տնտեսության կանխատեսվող անկման չափը:
Եթե 2020թ.-ի ապրիլյան կանխատեսումներով` տարվա տնտեսական անկումը հաշվարկվել էր 3%-ի չափով, ապա վերանայված ցուցանիշով անկումը կլինի 4.9%: Համեմատության համար նշենք, որ 2009 թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաճամի հետևանքով համաշխարհային տնտեսության անկումը շատ ավելի մեղմ էր՝ ընդամենը 2.1%:
Նշենք նաև, որ ԱՄՀ-ի նոր կանխատեսման համաձայն` կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն առավել ծանր են զգացվելու հատկապես դոլարի ու եվրոյի գոտու՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի վրա (8–12%): Իսկ, օրինակ, Ռուսաստանի համար 6,6%-անոց անկում է կանխատեսվել:
Հետաքրքրական է, որ Հայաստանի տնտեսության պատասխանատուներն իրենց կանխատեսումներում այս պահին շատ ավելի լավատես են: Կենտրոնական բանկի՝ հուլիսի 1-ին վերանայված կանխատեսմամբ` 2020-ին ՀՀ տնտեսությանը 4% անկում է սպասվում:
Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ իշխանության այդ կանխատեսումը չափազանց լավատեսական որակեց:
«Միջազգային ռեյտինգային կազմակերպություններն, իրար հերթ չտալով, համաշխարհային տնտեսության անկման ավելի ու ավելի վատ կանխատեսումներ են հրապարակում: Հայաստանում էլ կան մասնավոր կանխատեսումներ, որոնք պետական կանխատեսումից շատ ավելի ծանր անկում են ենթադրում: Ես ևս ենթադրում եմ, որ շատ ավելի մեծ է լինելու անկումը»,- ասաց Գալոյանը:
Տնտեսագետը դժվարանում է հստակ ցուցանիշ նշել, բայց վստահեցնում է, որ ԿԲ-ի` այս պահին կանխատեսած 4% անկումը վերջնական ցուցանիշ չէ ու դարձյալ վերանայվելու է և տարեվերջին շատ ավելի մեծ թվի է վերածվելու:
Հայաստանի տնտեսությունն, Արա Գալոյանի համոզմամբ, ներկա պահին կախված է գյուղատնտեսության սպասվող ցուցանիշներից, քանի որ տնտեսության մյուս հիմնական ու խոշոր ճյուղերն առաջին կիսամյակի տվյալներով արդեն իսկ հաստատեցին, որ նախորդ տարվա համեմատ այս տարի շատ ավելի ցածր եկամուտներ են ստացել:
«Հիմա հետաքրքիր է տեսնել, թե ինչ կկատարվի մեր գյուղատնտեսության և գյուղմթերքների մշակման ոլորտներում: Եթե այդ երկու ոլորտներում մթերումների ու վերամշակման խնդիրը չկարողանանք լուծել, տնտեսական անկման ցուցանիշն իսկապես շատ ավելի մեծ կլինի, քան կա պաշտոնական կանխատեսումներում»,- ասաց Գալոյանը:
Հարցին, թե արդյո՞ք տնտեսությունն ինչ-որ չափով կշահի ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմն արտակարգ իրավիճակի ռեժիմով փոխարիներու դեպքում, Արա Գալոյանը պատասխանեց.
«Զբոսաշրջության, հանրային սննդի ոլորտներն այս ընթացքում սարսափելի հարվածներ են ստացել, որպեսզի կարողանան օգոստոսի վերջին վերանագնվել:
Ամբողջ աշխարհում վերականգնման առումով արդեն նույնիսկ 2021թ.-ն են համարում ռիսկային: Թերահավատություն կա, որ 2021 թ.-ին համաշխարհային տնտեսությունը կկարողանա վերականգնել այն ցուցանիշները, որ ուներ համավարակից առաջ»,- ասաց Գալոյանը:
Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ արդեն հուլիսի 1-ի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ տնտեսական աճը փոխվեց 4%-անոց տնտեսական անկմամբ:
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Ու դարձյալ համեմատության համար նշենք, որ տնտեսական ամենամեծ անկումը վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է 2009 թ.-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում: Այն կազմել է 14,4% , իսկ, օրինակ, Ռուսաստանում նույն թվականին գրանցվել էր 7,9%-անոց անկում: