Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել սահմանափակել մթերային շուկաներ այցելությունները

Դեսպանը հայերին ու ՀՀ քաղաքացիներին հորդորել է չտրվել սադրանքի, ձեռնպահ մնալ հատկապես ուշ ժամերին ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է Ուկրաինայում բնակվող/գտնվող ՀՀ քաղաքացիներին և Ուկրաինայի հայ քաղաքացիներին։

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղի ունեցած, Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն իրենց արձագանքն են գտնում նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Բազում երկրներում, այդ թվում` Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել»,- ասված է դեսպանի ուղերձում։

Հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար դեսպան Սեյրանյանը հորդորում է ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ձեռնպահ մնալ հատկապես ուշ ժամերին ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց:

Դեսպանը նաև կոչ է անում մինչև լարվածության ավարտը հնարավորինս սահմանափակել մթերային շուկաներ այցելությունները։

«Ուկրաինայի իրավապահներն այս օրերին հատկապես աչալուրջ են և ձեռնարկում են հնարավոր միջոցները՝ ազգամիջյան միջադեպերը կանխելու նպատակով»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Իսկ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Ուկրաինայի իրավապահ մարմինների, Ուկրաինայի հայերի միության, հեղինակություն վայելող անհատների հետ։

Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին վերջին օրերի ընթացքում գրանցված լարման հետևանքով տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները հավաքներ են իրականացնում Ադրբեջանի դեսպանատների դիմաց` բողոքելով այդ երկրի ագրեսիվ պահվածքից։ Խաղաղ ակցիանները հաճախ վերաճում են բախումների հայերի և ադրբեջանցիների միջև։ Մասնավորապես բախումներ են եղել Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։ Այս ամենի ֆոնին ծեծկռտուքների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում։