«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին

ՀՀ վարչապետը համոզված է, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК–ին ու մեկնաբանել Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները։

«Ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,– Facebook–ի էջում գրել է նա:

Փաշինյանի հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:

Նշենք, որ Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ–ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտերից հետո:

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև