ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը պարտվել չէր սիրում, բայց 10 օր կյանքի համար պայքար մղելուց հետո չհաղթեց մահին։ Նա 6 ամսվա զինծառայող էր։
Արթուրի մասին հուշերը Sputnik Արմենիային է պատմել նրա դասղեկ, Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ուսուցիչ Սվետլանա Գևորգյանը։
«Արթուրը 2016 թվականին ընդունվեց մեր ավագ դպրոց։ Նրա հետ ծանոթության առաջին օրվանից հասկացա, որ իմ առջև իսկական լիդեր է կանգնած, ուժեղ կամքի տեր տղա, որը կարճ ժամանակում կարողացավ դասարանը համախմբել ու համերաշխ ընտանիքի վերածել։ Խիզախ տղա էր մեր Արթուրը, ոչնչից վախ չուներ։ Սիրում էր ամեն ինչի ճիշտը ու պահանջում էր, որ բոլորն իր հետ ազնիվ լինեն ու ճշմարտախոս։ Դասարանի ամենագեղեցիկ, ամենախելացի, դաստիարակված տղաներից մեկն էր։ Մեծ հաճույքով մասնակցում էր դպրոցի բոլոր միջոցառումներին, մեր պարծանքն էր, նրան սիրում էին բոլորը, իսկ աղջիկները` անմոռաց սիրահարվում»,- ասում է տիկին Գևորգյանը։
Նրա խոսքով` Արթուրը շատ նրբանկատ էր, հանկարծ մեկը վատ տրամադրություն ունենար, անմիջապես զգում էր ու փորձում իր կարողությունների չափով օգնել ու անպայման հուսադրում էր՝ամեն ինչ լավ է լինելու։ Նրա ուժեղ բնավորությունն ավելի էր ընդգծվում, երբ դասարանով քաղաքից դուրս էին գնում։ Արթուրն այնպես էր կազմակերպում, որ հանկարծ բացակա աշակերտ չլիներ, եթե մեկը խնդիր էր ունենում կամ ծնողը թույլ չէր տալիս, նա անպայման այդ խնդիրը լուծում էր։
«Այն հազվադեպ աշակերտներից էր, որ ուսուցչի խոսքը չէր ընդունում ի գիտություն, մենք պետք է կարողանայինք մեր ասելիքն ապացուցել, փաստերով խոսել։ Մեր դասարան մտնող բոլոր ուսուցիչները զգաստ էին, այդ թվում և ես, որ կարողանայինք Արթուրի բոլոր հարցերին պատասխանել։ Բազմակողմանի զարգացած էր, հրաշալի տիրապետում էր ռուսերեն ու անգլերեն լեզուներին։ Պատմություն շատ լավ գիտեր։ Երազում էր իրավաբան դառնալ»,-հիշում է դասղեկը։
Ընդամենը 1-2 բալի պատճառով Արթուրն ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
«Սեպտեմբերի 1-ին եկել էր դպրոց, գիտեր, որ նոր դասարան եմ վերցրել, կրկին դասղեկ եմ լինելու։ Շնորհավորեց, գրկեց, համբուրեց։ Չեմ մոռանա, ասեց՝ ընկեր Գևորգյան, կապ չունի, որ ավարտել եմ, խնդիր լինի, ձեզ չլսեն կամ խելոք չպահեն, կզանգեք․․․ Չենք համակերպվում, ցավը շատ մեծ է։ 10 օր ամբողջ կոլեկտիվով, ծանոթներով աղոթում էինք, որ ապաքինվի Արթուրը։ Սա միայն նրա ծնողների կորուստը չէ, սա ամբողջ հայ ազգի կորուստն է»,- ասաց տիկին Գևորգյանն ու ձայնը դողաց։
Արթուրը հրաշալի ընտանիքի տղա էր․ երկու եղբայր էլ ունի։ Ավագ եղբոր հետ նույն զորամասում էր ծառայում, եղբայրը շուտով կզորացրվի, իսկ փոքր եղբայրը մոտ 4 տարեկան է։
Դասղեկը հիշում է՝ Արթուրի մայրը շատ ուշադիր ծնող էր, միշտ գալիս էր դպրոց, հետաքրքրվում տղայի ուսմամբ, ուրախանում հաջողություններով։ Միշտ ասում էր՝ 3 տղա ունեմ, բայց ամենաուշադիրը, ամենահոգատարը Արթուրս է։
Տղայի համար հայրն իսկական տղամարդու օրինակ էր։ Միշտ ասում էր՝ գիտե՞ք` ինչ պապա ունեմ…
Sputnik Արմենիան զրուցել է նաև Արթուրի դասընկերուհիներից մեկի հետ, նրա ցանկությամբ անունը չենք հրապարակում։
«Արթուրի հետ սովորել եմ Երևանի թիվ 92 դպրոցում մինչև 9-րդ դասարան, իսկ թիվ 105 դպրոցում սովորել ենք տարբեր դասարաններում։ Մեծ սիրտ ուներ Արթուրը, երբեք ոչ մեկին չէր նեղացնում, նրա խոսքը հարգում ու ընդունում էինք բոլորս։ Եթե Արթուրն էր ասել, ուրեմն վերջ, չէր քննարկվում»,- վերհիշեց աղջիկը։
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում սովորող Արթուրի համակուրսեցին ևս միայն դրական խոսքեր կարող է ասել Արթուրի մասին։
«Չնայած քիչ ենք շփում ունեցել, որովհետև գնաց բանակ, բայց կասեմ, որ շատ ժիր, ուրախ ու լուսավոր տղա էր, ժպիտը միշտ դեմքին, հումորն էլ տեղը...»,-ասաց աղջիկը՝ չցանկանալով , որ անունը նշենք։
Արթուր Մուրադյանը մահացավ հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Հավերժ փառք քեզ, հերոս Արթուր...