ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sptunik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կոչով դիմել են Երևանին և Բաքվին՝ ողջունելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական անդորրը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։
Համանախագահները կոչ են արել օգտվել լարվածության թուլացման փուլից և հող նախապատրաստել առարկայական բանակցությունների վերսկսման՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար:
Համանախագահները ևս մեկ անգամ նշել են, որ չափազանց զգայուն այս ժամանակահատվածում շատ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքներ իրականացնելուց:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի նկատմամբ վերջին հրապարակային քննադատական հայտարարությունները և կարգավորման գործընթացի ձևաչափում փոփոխություններ կատարելու ձգտումները չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը», - ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները վերահաստատում են, որ տևական խաղաղության հասնելու քաղաքական կամքը լավագույնս կարելի է դրսևորել մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալով, հրադադարի խիստ պահպանմամբ և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու միջոցով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նաև ողջունել են միջազգային կոնսենսուսը, որով կոչ է արվում թուլացնել լարվածությունը և արագ վերսկսել բանակցություններն առանց որևէ պայմանների:
ԱԳՆ խոսնակն ասաց` որ դեպքում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը երախտագիտություն են հայտնել միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Եվրոպական միությանը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և համանախագահների հովանու ներքո երկխոսության վերսկսման կոչերի համար։ Նրանց խոսքով՝ դրանով նրանք աջակցելել են միջնորդական ջանքերին:
ԵԱՀԿ ՄԽ - ն նաև վերահաստատել է, որ 2019թ.մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպումը՝ խմբ.) շարունակում են հիմք հանդիսանալ նրանց միջնորդական ջանքերի համար:
Համանախագահները վերահաստատել են ցանկացած ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամությունը ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հնարավոր դարձնել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը շփման գիծ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։