Որպեսզի Բաքվում չկասկածեն. հայ զինծառայողները լուսանկարվել են ադրբեջանական ԱԹՍ-ի հետ

ՀՀ զինված ուժերի ձեռքում հայտնված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարները հրապարակել է Արծրուն Հովհաննիսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում հրապարակել է իսրայելական արտադրության ադրբեջանական SkyStriker ԱԹՍ–ի լուսանկարները։

«Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին»,– լուսանկարներին կից գրել է նա։

Հիշեցնենք` հուլիսի 17-ին համացանցում էր հայտնվել ադրբեջանական ԶՈւ–ի կամիկաձե SkyStriker ԱԹՍ–ի լուսանկարը, որը հայկական կողմը որսացել էր ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների օգնությամբ։ 062 սերիական համարով, իսրայելական արտադրության ԱԹՍ–ն չէր հասցրել հարվածել հայկական դիրքերին և բնակավայրերին։

Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը հաստատել էր, որ իսրայելական արտադրության ադրբեջանական SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել