ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի ու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։
Այս գիշեր Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ծեծկռտուքից հետո 13 հոգու ձերբակալել են։