Սևանի արևելյան ափի ավտոճանապարհը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 1974 թ-ին. մարզպետ

2021 թ-ին ամբողջովին կավարտվի Ծովագյուղ–Վարդենիս ավտոճանապարհի նորոգումը: Գեղարքունիքի մարզպետն այն կարևորում է տնտեսական և ռազմավարական նկատառումներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Սևանի արևելյան ափին` Շորժայից դեպի Արտանիշ հատվածում, այս պահին լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագիր է իրականացվում:

Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ նոր ճանապարհը բարձրորակ ասֆալտի շնորհիվ կդիմանա առնվազն 50 տարի։

«Վերջին անգամ այս ճանապարհը վերանորոգվել է 1974թ․-ին։ Հիմա ճանապարհի 20 կմ հատված է վերանորոգվում, ինչը մարզի համար հսկայական ռազմավարական նշանակություն ունի։ Իմ անունից և տեղի բնակչության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին»,-ասաց Սանոսյանը։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

Գլխավոր շինարարը Sputnik Արմենիային պատմեց, որ ճանապարհը լիովին պատրաստ կլինի 15 օրից։

«Հիմա ճանապարհը փակ է Արտանիշից դուրս եկողների համար, բայց 15 օրից աշխատանքները կավարտվեն»,-նշեց նա։

Նշենք, որ 2021թ․-ին նախատեսվում է շարունակել ավտոճանապարհի վերանորոգումը՝ Շորժայից մինչև Վարդենիս քաղաք։

Իսկ Ծափաթաղ- Վարդենիս հատվածի շինարարությունն իրականացվել է անցած տարի ու արդեն շահագործման է հանձնված:

Այդպիսով 2021 թ-ին Ծովագյուղից մինչև Վարդենիս կլինի ամբողջովին նոր, բարձրակարգ ճանապարհ, ինչը կարևոր է և՛ տնտեսական, և՛ տուրիզմի, և՛ հատկապես ռազմավարական առումով։

Նշենք, որ վերակառուցվող ավտոճանապարհի հատվածի շինարարության արժեքը նախապես գնահատվել էր 2.6 մլրդ դրամ, բայց իրականացված մրցույթի արդյունքում դրանից 800 մլն-ը խնայվել է:

Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական ճանապարհի շինարարությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել