Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է. դատախազությունից հաստատում են

Հայտնի է, թե ինչ կարգավիճակ ունի Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործերից մեկի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներից մեկը որոշել է լքել խմբակցությունը

«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել հարուցված քրեական գործի շրջանակում», - հայտնեցին դատախազությունից։

Հարցին` ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Բագրատյանը, պատասխանեցին, որ այլ մանրամասներ այս պահին փոխանցել չեն կարող։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 23-ին, հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։

Թե ինչն է նման որոշման առիթ դարձել, խմբակցությունում տեղյակ չեն։ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիային հայտնել էր` վերջին մեկ ամսում Բագրատյանի հետ շփում չեն ունեցել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում թվով երկրորդ ուժն է, որի կազմում ընդգրկված են 25 պատգամավոր:

«Կիկոսի մահի ենթադրություններով» չի խոսի. երբ է Զոհրաբյանը վերջին անգամ տեսել Բագրատյանին