«Սա պետք է անհապաղ կանխել». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին

Արման Թաթոյանը կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք երկրներում էթնիկ պատկանելիության հիմքով հայերի վրա ադրբեջանցիների հարձակման փաստերով հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը։

Facebook–ի իր պաշտոնական էջում նա հիշեցրել է, որ այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: ՄԻՊ–ը նշել է, որ այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:

Հայերի ու ադրբեջանցիների մոսկովյան ծեծկռտուքից հետո 13 հոգու են ձերբակալել

«Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով»,–գրել է Թաթոյանը:

Հրավիրելով միջազգային կազմակերպությունների ուշադրությունը` ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ սա պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով:

«Այսօր միջազգային կառույցներին կուղարկեմ պաշտոնական նամակներ»,–տեղեկացրել է նա:

Նա կոչ է արել մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտանգավոր զարգացման և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ:

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Մոսկվայում հարձակվել են հայերի վրա։ Համացանցում հրապարկված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ծեծում հայկական պետահամարանիշով ավտոմեքենայում գտնվող վարորդին, տարեց տղամարդուն, փողոցում կանգնած տղամարդկանց։

Տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։