Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի սրման թեման քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շատ զգայուն է ՌԴ-ի համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Տողանյանը հայ-ադրբեջանական թեման քննարկել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ

«Մեր հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ և, որ պակաս կարևոր չէ, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մեզ համար շատ զգայուն է», - ասել է Պուտինը՝ ներկայացնելով Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկվելիք հարցերը։

Ինչպես ընդգծել Է Պեսկովը, Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի ապահովման հրամայականը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։